Հայաստանի կառավարությունը 2025 թվականի հոկտեմբեր-դեկտեմբերի ամիսներին կենսաթոշակառուներին և նպաստառուներին հետվճար տրամադրելու նպատակով հատկացնելու է 3 միլիարդ 219 միլիոն դրամ։ Նախագիծը սեպտեմբերի 25-ի նիստում ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարարի խոսքով՝ ծրագրի ֆինանսավորման ծավալը տարվա ընթացքում մի քանի անգամ ճշգրտվել է․ նախապես նախատեսված 12․4 մլրդ դրամը վերանայվել է մինչև 13․1 մլրդ դրամ, իսկ այժմ՝ կառավարության նոր որոշման արդյունքում, կանխատեսվող ծախսերը կկազմեն շուրջ 16․4 մլրդ դրամ։
«Շահառուների թիվը կանխատեսվածից ավելին է։ Այս պահին ծրագրից օգտվում է մոտ 350 հազար շահառու, և ունենք ամսական 2-3 տոկոս աճ», – նշել է Թորոսյանը։
Գործող կարգավորումներով՝ հետվճարը կազմում է գործարքների 12 տոկոս, սակայն ոչ ավելի, քան 6000 դրամ։ Վճարումը կատարվում է ամեն ամիս՝ մինչև տվյալ ամսվա 25-ը։