Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին։
Նախագահը ընդգծել է, որ Հայաստանը ընտրել է ժողովրդավարության ուղին, և այդ համատեքստում Եվրոպական միության հետ համագործակցությունը կրում է ռազմավարական նշանակություն։ Նա նշել է, որ երկկողմ հարաբերությունները հաջողված են և ընդգրկում են կյանքի տարբեր ոլորտներ՝ քաղաքականությունից մինչև տեղական ինքնակառավարում։
Կայա Կալասը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ԵՄ-ն շահագրգռված է Հայաստանի հետ սերտ համագործակցության խորացմամբ և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–ԵՄ համագործակցության բոլոր հիմնական ուղղությունները։ Կողմերը անդրադարձել են ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններին, ներառյալ՝ տարածաշրջանում խաղաղության և հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման գործընթացին։
Անդրադարձ է կատարվել Հայաստանում իրականացվող արդարադատության, հակակոռուպցիոն և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև ԵՄ-ի ցուցաբերած աջակցությանը։
Զրուցակիցները քննարկել են նաև էներգետիկ ոլորտում, հատկապես՝ վերականգնվող և «կանաչ» էներգիայի ուղղությամբ համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ կարևորելով նոր նախաձեռնությունների մշակումն ու իրականացումը։