Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (կաթի մթերում և պաղեցում) գործունեությունը, որը գտնվում է Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում։ Այս մասին տեղեկացնում են Տեսչական մարմնից։
Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների արձանագրած խախտումները, ըստ հաղորդագրության, անհամատեղելի են սննդամթերքի արտադրության պահանջների հետ։
Մասնավորապես՝
- հատակներն ու պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,
- առաստաղին կան վնասված հատվածներ, որոնք նպաստում են կեղտի և բորբոսի կուտակմանը, ինչպես նաև մասնիկների թափվելու վտանգին,
- արտադրական շինությունների դռները հարթ չեն և պատրաստված չեն չներծծող նյութերից,
- կաթի մթերման և պահպանման համար նախատեսված կշեռքի ու քարշակ սարքի մակերեսներին առկա են կոռոզիայի հետքեր։
Վերահսկող մարմինը սահմանել է ժամկետ՝ խախտումները վերացնելու համար, որից հետո հնարավոր կլինի վերականգնել արտադրամասի գործունեությունը։