Մարտի 25-ին Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մեկնարկել է «Թվային փոխակերպման առաջնորդություն» խորագրով երկօրյա աշխատաժողովը:
Աշխատաժողովը կազմակերպվել է Կենտրոնական բանկի, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համատեղ նախաձեռնությամբ՝ միավորելու պետական կառույցների ջանքերը թվային կառավարման օրակարգի շուրջ։
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, կարևորեց միջոցառման դերը՝ նշելով, որ ժամանակակից «կիբեր դարաշրջանն» իր բազում առավելություններով հանդերձ պարունակում է մարտահրավերներ, որոնց բացահայտման և դիմակայման համար անհրաժեշտ է ապահովել շարունակական փոխգործակցություն բոլոր ներգրավված կողմերի միջև։
Աշխատաժողովը վարում է Անդրես Կուտտը, ով եղել է Էստոնիայի թվային վերափոխման առանցքային առաջնորդներից մեկը։
Մասնակիցներն են ՀՀ պետական մարմինների թվայնացման պատասխանատու ղեկավարները և «Կյանքի 12 իրադարձություն» ծրագրում ներգրավված ստորաբաժանումների ներկայացուցիչները։
Քննարկվում են թվայնացման հիմնական բաղադրիչները՝ քաղաքականություններ, կառավարման մոդելներ, իրավական և տեխնոլոգիական լուծումներ, այդ թվում՝
• Թվային նույնականացման համակարգեր
• Փոխգործելիություն և տվյալների կառավարում
• Արհեստական բանականություն և ամպային տեխնոլոգիաներ
Կենտրոնական բանկը հանձնառու է շարունակել իր աջակցությունը երկրի թվային վերափոխման գործընթացներին՝ նպաստելով հանրության համար անվտանգ, հարմար և հասանելի թվային ծառայությունների ստեղծմանը։