Հայաստանում կենսաչափական անձնագրերի և նոր սերնդի նույնականացման քարտերի ներդրումը նախատեսվում է սկսել 2026 թվականի աշնանը։ Այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյան-ը։
Նախարարի խոսքով՝ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպչական փուլերն արդեն ավարտվել են։ Ներկայումս աշխատանքներ են տարվում փաստաթղթերի դիզայնի մշակման ուղղությամբ, որի հաստատումից հետո կսկսվի արտադրական փուլը։
Նշվում է, որ գործող անձնագրերը կմնան ուժի մեջ մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը։ Միաժամանակ քաղաքացիները հնարավորություն կունենան ցանկության դեպքում ավելի վաղ փոխարինել իրենց փաստաթղթերը և ստանալ նոր նմուշի անձնագիր կամ նույնականացման քարտ։
Հերթերի կրճատման և սպասարկման արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվում է ներդնել առցանց ամրագրման և տվյալների նախնական ներկայացման համակարգ։ Արդյունքում՝ գրասենյակներում փաստաթղթերի ձևակերպման գործընթացը կտևի ընդամենը մի քանի րոպե։ Բացի այդ, մշակվում է նաև նոր ձևաչափով սպասարկման կենտրոնների նախատիպը։