2026 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակառուների և նպաստառուների համար անկանխիկ գործարքների դեպքում հետվճարի չափը կավելանա՝ կազմելով մինչև 20 տոկոս՝ գործող 12 տոկոսի փոխարեն։ Այդ փոփոխության արդյունքում շահառուները կկարողանան իրենց կենսաթոշակը կամ նպաստը ավելացնել մինչև 10 հազար դրամով՝ ներկայիս 6 հազար դրամի փոխարեն։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Նոյեմբերի տվյալներով՝ ծրագրից օգտվում է 36 հազար 632 քաղաքացի։ Ծրագրի մեկնարկից ի վեր կենսաթոշակային քարտերով իրականացվել է շուրջ 327 միլիարդ դրամի անկանխիկ գործարք, իսկ հետվճարի ձևով շահառուներին վերադարձվել է մոտ 30 միլիարդ դրամ։
Նախարարությունից հիշեցնում են, որ 2026 թվականի ապրիլի 1-ից բոլոր պետական նպաստների վճարումները, այդ թվում՝ կենսաթոշակները և երեխայի ծննդով պայմանավորված նպաստները, կիրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով։
Ներկայումս կենսաթոշակառուների և նպաստառուների շուրջ 10 տոկոսից պակասը՝ մոտ 58 հազար քաղաքացի, դեռևս ստանում են իրենց վճարումները կանխիկ։ Նրանք ևս ապրիլի 1-ից հնարավորություն կունենան միանալ հետվճարի ծրագրին՝ անցնելով անկանխիկ վճարումների։