«Կերոն»-ի զարգացման հիմնադրամը Երևանում բացեց իր երկրորդ նոր սերնդի խաղահրապարակը։ «Վիշապագորգ» անվանումը կրող խաղահրապարակը տեղակայված է Խաչքար հրապարակում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ։
Մոտ 800 քառակուսի մետր տարածք զբաղեցնող խաղահրապարակը նախատեսված է 0-ից 7 տարեկան երեխաների համար։ Այն ստեղծվել է՝ ապահովելու անվտանգ, հարմարավետ և ներառական միջավայր ինչպես քաղաքի փոքր բնակիչների, այնպես էլ այցելուների համար։
Նշվում է, որ տարածքը նախկինում այգու մաս էր կազմում, սակայն վերջին տարիներին օգտագործվում էր որպես կայանատեղի։ Նախագծի արդյունքում այն վերադարձվել է հանրային օգտագործման՝ երեխաների համար նախատեսված ժամանակակից ենթակառուցվածքով։
Նախագիծն իրականացվել է «Կերոն»-ի զարգացման հիմնադրամի կողմից՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի և «Արմբրուք» ներդրումային ընկերության աջակցությամբ։
Հիմնադրամը նաև տեղեկացնում է, որ «Կերոն»-ի երրորդ նոր սերնդի խաղահրապարակը կբացվի 2026 թվականի մարտին՝ Միսակ Մանուշյանի այգում։