Երևանի քաղաքապետարանը բողոքարկելու է վարչական դատարանի այն որոշումը, որով ուժը կորցրած է ճանաչվել ավտոկայանատեղիների (կարմիր գծերի) վարձավճարներ սահմանելու մասին ավագանու ընդունած որոշումը։ Հայկ Կոստանյանի խոսքով՝ ավագանու որոշման նպատակը քաղաքի կենտրոնի բեռնաթափումն էր.
«Այո, արժեքի բարձրացման արդյունքում շատ վարորդներ խուսափեցին կենտրոնում կայանել և տարեկան փաթեթներ ձեռք բերել, ինչը որոշակի բեռնաթափում ապահովեց», – նշել է Կոստանյանը։
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ երթևեկության և խցանումների վրա դա դեռ ակնհայտ չի անդրադարձել, սակայն ապագայում, երբ ավտոբուսների համար նախատեսված գծերն ավելանան, կարմիր գծերի նոր սակագների արդյունավետությունն առավել տեսանելի կլինի։