USD383.1EUR437.46RUB4.85

«Քանի քաղաքապետարանին են մեղադրում, պաշտոնյան նստած, իրեն էշի տեղ է դրել». Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կոշտ արձագանք է տվել մայրաքաղաքում կոյուղու և ջրամատակարարման խնդիրների վերաբերյալ հնչող քննադատություններին՝ ընդգծելով, որ բազմաթիվ խնդիրներ վերաբերում են ոչ թե քաղաքապետարանին, այլ պետական մարմիններին ու մասնավոր օպերատորներին։

Ավինյանի արձագանքը հնչել է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի հայտարարությունից հետո։ Արեյանն ասել է, որ քաղաքապետարանը 6 կետից բաղկացած նամակ է ուղարկել ՀՀ կառավարություն և Ջրային կոմիտե՝ առաջարկելով վերանայել «Վեոլիա Ջուր» ընկերության հետ պայմանագրային հարաբերությունները։ Ըստ նրա՝ կան բազմաթիվ գույքային հարցեր, որոնք սկսած 2016 թվականից չեն կարգավորվել։ Օրինակ՝ նորակառույց շենքերում տեղադրված պոմպակայանները հաճախ չեն հանձնվում «Վեոլիա Ջուր»-ին կամ պետությանը, ինչն առաջացնում է խնդիրներ բնակիչների և շահառուների միջև։

Քաղաքապետ Ավինյանը, արձագանքելով իր խորհրդականին, հայտարարել է․

«Ստացվում է՝ քաղաքում ունենք ենթակառուցվածք, որը մեր սեփականությունը չէ, մեր ենթակայության տակ չէ, մաշված է աննկարագրելի չափով։ Քաղաքապետարանը լուծում է խնդիրներ, որոնք իրենը չեն։ Հիմա եկեք հասկանանք՝ ով է պատասխանատու օղակը, ասենք՝ սա քո գործն է, գնա արա»։

Նա շեշտել է նաև, որ մեկ շաբաթում մայրաքաղաքում գրանցվել է շուրջ 400 վթար, և ակնհայտ է՝ ենթակառուցվածքները կարիք ունեն հիմնարար բարեփոխումների ու ներդրումների։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է օրենքով հստակեցնել՝ որ մարմինն է պատասխանատու կոնկրետ խնդիրների համար։

Ավինյանն անդրադարձել է նաև հանրային կարծիքում ձևավորված պատկերին՝ ասելով․

«Քանի քաղաքապետարանին են մեղադրում, այսինչ պաշտոնյան նստած՝ իրեն էշի տեղ է դրել։ Լավ ա էլի։ Մարաղը մտած՝ ինքը չի երևում, հետո ասում ենք՝ ժողովուրդ ջան, սա է, այս մարդն է։ Է հետո, լավ»։

Քաղաքապետը կարևորել է պատասխանատվության սահմանների հստակեցումը և ենթակառուցվածքների համակարգային արդիականացումը՝ նշելով, որ կարճաժամկետ միջոցները բավարար չեն, անհրաժեշտ է կայուն և պլանավորված մոտեցում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ