Ընթացքում է հեռակառավարման նոր համակարգի տեղադրման գործընթացը: Այն հնարավորություն կտա ավելի հեշտորեն լուծել վերահսկողության, անվտանգության խնդիրները, առցանց տարբերակով նկատել վթարներն ու արագորեն արձագանքել:
Մինչև տարեվերջ ամբողջությամբ կավարտվի Աջափնյակի մետրոյի նոր կայարանի նախագծի փորձաքննությունների փուլը։ Հաջորդ տարի կհայտարարվի կառուցման մրցույթը:
Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ քննարկում է նոր աղբավայր կառուցելու ծրագիրը: Նախատեսվում է մշակել ներդրումային ամբողջական փաթեթ:
Երևանի քաղաքապետարանը մտադիր է համայնքային հավաքակայանը համալրել նաև շուրջ 250 էլեկտրական ավտոբուսով: Նախագիծը կյանքի կոչելու համար Ասիական զարգացման բանկի հետ նախապատրաստական աշխատանքներն ընթացքում են:
4-րդ կարգի վթարայնության Արզումանյան 10 և 17 շենքերի բնակիչները տասնամյակների սպասումից հետո նոր բնակարաններ կունենան: Վթարային շենքերի տեղում կկառուցվի նոր շենք:
Երևանի քաղաքապետարանի հատկացումների հաշվին կերտվում է Շառլ Ազնավուրի հուշարձանը: Բացումը նախատեսվում է 2025թ. մայիսի 22-ին՝ որպես մեծանուն շանսոնյեի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների եզրափակիչ արարողություն:
Օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է բացօթյա համերգային ծրագրեր, որի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Ազատության հրապարակում կներկայացնի «Սիմֆոնիկ Մանսուրյան» և «Սիմֆոնիկ Ցիմմեր» խորագրերով համերգաշարը:
Սեպտեմբերի 17-24-ը Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կիրականացվի հերթական խոշոր նախագիծը: Կրկին բացօթյա ձևաչափով Թումանյանի անվան այգում կկայանա «Երևան կլասիկ ֆեստ» խորագրով սիմֆոնիկ նվագախմբերի երևանյան միջազգային առաջին փառատոնը, որին մասնակցության հայտ են ներկայացրել աշխարհի լավագույն և ճանաչված նվագախմբերը: Հայաստանյան երաժշտախմբերի հետ նույն հարթակում հանդես կգան Միլանի Լա Սկալա թատրոնի «Ակադեմիա» նվագախումբը, Սանկտ Պետերբուրգի հռչակավոր ակադեմիական ֆիլհարմոնիկ նվագախումբը, ելույթ կունենան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախումբը և երգչախումբը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Երևանի քաղաքապետարանի «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը:
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկել է կարևոր նշանակություն ունեցող ևս մեկ ծրագիր: Աշխարհահռչակ կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեի՝ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» հիման վրա 1985թ. գրված Խմբերգային կոնցերտը, որը համարվում է երգչախմբային արվեստի համաշխարհային գլուխգործոց, նախատեսվում է մշակել և փոխադրել՝ ստեղծելով բալետային նոր ներկայացում: