Կորիզ կրթական ծրագիրը, ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ
դպրոցը և իրենց ռազմավարական գործընկեր Telcell ընկերությունը ստորագրեցին համագործակցության
եռակողմ հուշագիր՝ ազդարարելով «Koreez–Telcell–Physmath» համադպրոցական մաթեմատիկական
մրցույթի ընդլայնված մեկնարկի մասին։
Անցած տարվա բացառիկ հաջողությունից հետո մրցույթը դարձավ Հայաստանի կրթական կյանքի
ամենամասշտաբային նախաձեռնություններից մեկը՝ միավորելով հազարավոր աշակերտների ամբողջ
հանրապետությունից։ Մասնակցության լայն աշխարհագրությունը, բարձր մրցակցային մակարդակը և եզրափակչի
արդյունքները ցույց տվեցին, որ Հայաստանում մաթեմատիկայի նկատմամբ հետաքրքրությունը ոչ միայն
պահպանվում է, այլև զգալիորեն աճում է։
Աննախադեպ հաջողության հիման վրա այս տարի համագործակցությունը վերածվում է ռազմավարական
գործընկերության, և Telcell-ը պաշտոնապես միանում է Կորիզ կրթական շարժմանը՝ որպես երկարաժամկետ
գործընկեր հատկապես «Koreez–Telcell–Physmath» մրցույթի շրջանակում։

Կորիզ կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը նշեց, որ նախորդ տարի իրենց հաջողվեց մրցութի
շրջանակում համախմբել 1400 դպրոցներից 1180-ին, և տասնյակ հազարավոր աշակերտներ մեծ ոգևորությամբ
մասնակցեցին նշված նախաձեռնությանը։
«Մեր գլխավոր նպատակն աշակերտների շրջանում մաթեմատիկա առարկայի նկատմամբ սիրո խթանումն է։
Ցանկանում ենք ցույց տալ, որ մաթեմատիկան միայն օլիմպիական հերոսների համար չէ։ Այն յուրաքանչյուր
երեխայի համար է՝ անկախ նրա առաջադիմությունից։ Ի վերջո մենք հաջողեցինք, ուստի այս տարի որոշեցինք
համագործակցությունը բարձրացնել ռազմավարական մակարդակի և ընդլայնել մրցույթի շրջանակները՝
ներգրավելով ոչ միայն 3-12-րդ դասարանների, այլև 1-12 դասարանների աշակերտներին»,- ասաց Ալոյանը։
Նա հավելեց, որ այս տարի մրցույթի շրջանակում Կորիզ հավելվածը մասնակիցներին ընձեռում է մրցույթին
խաղի միջոցով պատրաստվելու հնարավորություն, ինչը նշանակում է, որ ոչ միայն կստուգվեն աշակերտների
գիտելիքները, այլև ամբողջ տարվա ընթացքում նրանց կփոխանցվեն հավելյալ գիտելիքներ, որպեսզի
մաթեմատիկայի հանդեպ սերը կրի մասսայական բնույթ։
«Այս տարի Telcell-ի հետ կնքելով ռազմավարական գործընկերության պայմանագիր՝ ընտրել ենք
երկարաժամկետ փոխգործակցության տարբերակը, մինչև որ հասնենք մեր գլխավոր նպատակին, ըստ որի՝ ՀՀ
յուրաքանչյուր աշակերտ մաթեմատիկայի հանդեպ կցուցաբերի ուրույն մոտեցում»,- ասաց Ալոյանը։

Կորիզ կրթական ծրագիրը դիմել է նաև գործընկերներից «Գրանտ Տորոնտոն»-ին, որն իրականացրեց նախորդ
տարվա մրցույթի արդյունքների գնահատում, ինչի շնորհիվ պարզ դարձավ, որ Կորիզ մաթեմատիկական մրցույթի
մասնակիցների մոտ ակադեմիական տարվա ընթացքում 38 տոկոսով բարելավվել է մաթեմատիկական
գիտելիքների մակարդակը, ավելացել են սերն ու մոտիվացիան կրթության հանդեպ։ Հենց այդ ամենն էլ Կորիզ
կրթական ծրագրին դրդեց գնալ ռազմավարական համագործակցության։
Telcell ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանն ընդգծեց, որ ընկերության համար կրթության
աջակցությունը ոչ միայն սոցիալական պատասխանատվություն է, այլև ներդրում երկրի ապագայի մեջ։
«2025 թվականին մեկնարկեցինք Կորիզ նախագծի հետ համագործակցությունը և տարվա ընթացքում միասին
անցանք բազմաթիվ գործընթացներ՝ իրականացնելով տարբեր ծավալների հետաքրքիր մրցույթներ, որոնց
արդյունքները մեզ համար շատ գոհացուցիչ էին։ Համագործակցությունն այս տարի ստացավ ռազմավարական
բնույթ, և մենք որոշեցինք արդեն մեր համագործակցությունը տեղափոխել ավելի երկարաժամկետ տիրույթ»,-
ասաց Ղազարյանը։
Telcell-ը մեծապես կարևորում է կրթության դերն ապագա կադրերի և ընդհանրապես միջավայրի զարգացման
մեջ։
«Նպաստելով կրթության որակին, զարգացման գործընթացին և տեխնոլոգիական թևի առաջընթացին՝ մենք
ստանում ենք շատ կարևոր հենք ապագայի համար, որովհետև այն երեխաները, ովքեր մասնակցում են
նմանօրինակ մրցույթներին և այս նախագծի շնորհիվ կարողանում են ինքնադրսևորվել, նոր գիտելիքներ ձեռք
բերել, միանշանակ ապագայում կարող են մեր երկրի և մասնավորապես մեզ համար լինել պիտանի մասնագետներ։
Հատկապես տեխնոլոգիական բնույթի կոմերցիոն ընկերությունների համար կրթված միջավայրը, որի պահանջները
ժամանակի մարտահրավերների հետ համահունչ են, նպաստում է նաև այդ ընկերությունների դինամիկ
զարգացմանը»
ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի տնօրեն Արման
Սարգսյանը նշեց, Կորիզ կրթական ծրագիրն արդեն երկու տարի համագործակցում է ֆիզմաթ դպրոցի հետ, և այդ
ծրագիրն ինչ-որ առումով օլիմպիական շարժման տեսակ է դարձել՝ խթանելով երեխաների առաջընթացը։
«Մենք նույնպես շարունակաբար զբաղվում ենք շնորհալի երեխաների հայտնաբերմամբ և լավագույն արդյունքներ
ապահովող աշակերտներին մրցույթով ընդունում ենք ֆիզմաթ դպրոց։ Հետագայում ունենալով համապատասխան
միջավայր՝ ապահովում ենք մեծ հաջողություններ։ Կորիզ կրթական ծրագրի շրջանակում ամբողջ Հայաստանի
տարածքում տեղի ունեցավ մեծ շարժում, որին երեխաները միացան մեծ ոգեշնչմամբ։ Մեզ համար դա նույնպես
ֆիլտրման միջոց էր, որպեսզի տեսադաշտից դուրս մնացած աշակերտներին տայինք արտոնություններ»,- նշեց
Սարգսյանը։
Նա հավելեց, որ իրենք նախապես որոշել էին հանրապետական օլիմպիադայի դիպլոմակիրներին տալ
հարցազրույցով ֆիզմաթ դպրոց ընդունվելու արտոնություն, իսկ հիմա նման արտոնությունից կարող են օգտվել
նաև Կորիզ կրթական ծրագրի նախաձեռնությամբ անցկացվող մրցույթում համապատասխան արդյունքներ
ապահոված երեխաները։
«Վերջին տարիները ցույց տվեցին, որ այս շարժումը տեղին է, որովհետև գնալով աճը նկատվում է։ Օրինակ՝ այս
տարի օլիմպիադայում 5-րդ դասարանցիների քանակն ավելացավ, հետևաբար նրանց ոգեշնչելն ու վերջում
աշակերտներին ու նրանց ուսուցիչներին մեծարելը շատ գովելի է։ Դա իսկապես կրթության զարգացմանը
նպաստող գործընթաց է, որից մեր դպրոցը ձգտում է հետ չմնալ։ Ստորագրվելիք եռակողմ համագործակցության
պայմանագիրը մեծ նշանակություն կունենա կրթության ոլորտում և հնարավորություն կտա ավելի վաղ փուլում
բացահայտել ու խրախուսել այն աշակերտներին, ովքեր ապագայում կարող են դառնալ գիտության և
տեխնոլոգիայի ոլորտի առաջատարներ»,- ասաց Սարգսյանը։
«Koreez–Telcell–Physmath» մրցույթն այս տարի կանցկացվի չորս փուլով՝ երկու առցանց և երկու առկա
փուլերով, իսկ եզրափակիչ փուլում լավագույն մասնակիցները կմասնակցեն հանդիսավոր
մրցանակաբաշխությանը։
Սա կարևոր քայլ է, քանի որ մաթեմատիկական մտածողության հիմքերը ձևավորվում են հենց վաղ տարիքից։ Նոր
ձևաչափը հնարավորություն է տալիս արդեն առաջին դասարանից ներգրավվել առողջ մրցակցային և զարգացնող
կրթական միջավայրում։
Telcell-ի աջակցությամբ այս տարվա մրցույթն իրականացվում է առավել լայն ընդգրկմամբ՝ ապահովելով ավելի
մեծ հասանելիություն, մրցակցային միջավայր և բացառիկ հնարավորություններ մասնակիցների համար։
Սյս տարի մրցույթը բաց է 1–12-րդ դասարանների աշակերտների համար, ովքեր գրանցվելու նպատակով կարող
են այցելել www.koreez.am կայք և ընտրել «Koreez–Telcell–Physmath» մաթեմատիկական մրցույթը։
«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական
բանկի կողմից։