Լոռու մարզի բնակավայրերից մեկում նկատվել են բնություն բաց թողնված Կովկասյան ազնվացեղ եղջերուներ։ Տեսանյութը, որտեղ երևում է կենդանիների ազատ տեղաշարժը, օրերս տարածվել է համացանցում։
Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ եղջերուները գտնվում են պետական պահպանության ներքո, իսկ նրանց տեղաշարժը վերահսկվում է ռադիոկապի միջոցով։ Նախարարությունը քաղաքացիներին հորդորում է չմոտենալ կենդանիներին, չփորձել կերակրել կամ որևէ կերպ խոչընդոտել նրանց բնական շարժը։
ՇՄՆ-ն հիշեցնում է, որ ազնվացեղ եղջերուն վնասելը ենթադրում է օրենքով սահմանված պատասխանատվություն։ Մասնավորապես, կենդանուն վնաս հասցնելու դեպքում պետությանը պատճառված վնասը գնահատվում է 15 միլիոն դրամ, ինչպես նաև կիրառվում են պատասխանատվության միջոցներ ՀՀ Քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածի համաձայն։
Բնապահպանական գերատեսչությունը քաղաքացիներին կոչ է անում դրսևորել պատասխանատու վարքագիծ՝ նպաստելով վայրի բնության պահպանությանը։ Նմանատիպ դեպքերի դեպքում խորհուրդ է տրվում անմիջապես ահազանգել «Դիլիջան» ազգային պարկի համապատասխան ծառայություններին՝
📞 +374 268 27 171
📞 +374 268 27 032