2022 թվականին Վարշավայի ֆոնդային բորսան (GPW), որն ամենամեծն է Կենտրոնական-արևելյան Եվրոպայում, ձեռք բերեց Հայկական ֆոնդային բորսայի (AMX) բաժնետոմսերի 72%-ը։ AMX-ի գործադիր տնօրեն Հայկ Եգանյանի խոսքով, Անջեյ Դուդայի հետ հանդիպմանը քննարկվել են համատեղ զարգացման ուղիները, ինչպես նաև արտաքին շուկաներում ՏՏ ենթակառուցվածքային լուծումների վաճառքի հարցը, որն արժանացել է նախագահի հավանությանը։
Եգանյանը նշում է, որ Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից AMX-ի ձեռքբերման արդյունքներն արդեն տեսանելի են. երկու տարում կնքվել են կարևոր ֆինանսական գործարքներ։ Եթե մինչև 2022 թվականը օտարերկրյա ինստիտուցիոնալ ներդրողները Հայաստանի պետական պարտատոմսերում գրեթե փող չէին ներդնում, ապա արդեն 2023 թվականին նրանց ներդրումները կազմում էին մոտ 500 միլիոն դոլար։ Միջազգային հայտնի բանկերը, որոնք ընդհանրապես չեն աշխատել կամ չեն համագործակցել Հայաստանի հետ, GPW-ի միջնորդությամբ թղթակցային հաշիվներ են բացել հայկական բանկերի համար, որոնք էլ ավելի են ինտեգրել Հայաստանը արևմտյան ֆինանսական համակարգին, ասում է Եգանյանը։ Աբու Դաբիի ֆոնդային բորսայի (ADX) հետ վերջերս ստորագրված համագործակցության և ինտեգրման համաձայնագիրը նույնպես լուրջ ձեռքբերում էր, որը հնարավոր չէր լինի առանց GPW-ի։ Սա ավելի մեծ մասշտաբով օտարերկրյա ներդրումներ կներգրավի Արևմուտքից և Մերձավոր Արևելքից: Միջազգային ասպարեզում Հայաստանն արդեն համարվում է ներդրումների համար հարմարավետ երկիր, ինչը կայունության և անվտանգության լրացուցիչ երաշխիք է։