Կառավարությունն օրենքի նախագծով առաջարկում է աշխատողի, այդ թվում հանրային ծառայության մեջ գտնվող անձի նկատմամբ տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պահից մինչև այն այլ խափանման միջոցով փոխելը կամ վերացնելն աշխատողի լիազորությունները համարել կասեցված, եթե դատարանի որոշմամբ բնակության տարածքը չլքելուց բացի կիրառվել են աշխատանքային պարտականությունների կատարման հետ անհամատեղելի սահմանափակումներ: Նշված սահմանափակումները կիրառված չլինելու դեպքում առաջարկվում է չկասեցնել տնային կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում գործատուի և աշխատողի համաձայնությամբ աշխատողի լիազորությունները, եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս այն կատարել հեռավար եղանակով:
Գործատուն հիմք է ընդունում տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի որոշման վերաբերյալ քննիչի տրամադրած գրավոր տեղեկացումը:
Մեկ այլ առաջարկի արդյունքում լրացում է կատարվել նաև Քրեական դատավարության օրենսգրքում. տնային կալանքը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու կամ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու մասին որոշման վերաբերյալ քննիչն անհապաղ գրավոր տեղեկացնում է մեղադրյալի աշխատանքի վայրի վարչակազմին՝ նշելով դատարանի որոշմամբ կիրառված սահմանափակումների բնույթն ու ծավալը:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: