ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է նախադպրոցական կրթության ոլորտում իրականացված և ընթացիկ ծրագրերը՝ ընդգծելով ներառականության և վաղ մանկության ծառայությունների ընդլայնման արդյունքները։
Նախարարի խոսքով՝ նախորդ տարվա թիրախային ծրագրերից կարևոր ուղղություն է եղել մինչև երկու տարեկան երեխաների համար մսուրային ծառայությունների ընդլայնումը և վաղ մանկության խմբերի ստեղծումը։ Այդպիսի խմբեր արդեն բացվել են Երևանի թիվ 44 և թիվ 86 նախադպրոցական ուսումնական հաստատություններում։ 2026 թվականի առաջին եռամսյակում նման խմբեր կգործարկվեն նաև Երևանի, Գյումրու և Վանաձորի երկուական, ինչպես նաև Հրազդանի մեկ նախադպրոցական հաստատությունում։ Ծրագիրը կրում է փորձնական բնույթ, և այս տարվա ընթացքում նախատեսվում է գործարկել ևս մեկ խումբ՝ 6–12 ամսական երեխաների համար։
Ժաննա Անդրեասյանը նշել է, որ շարունակվել է նաև ոչ պետական նախադպրոցական հաստատությունների լիցենզավորման գործընթացը։ Անցած տարի լիցենզավորվել է ավելի քան 161 ոչ պետական հաստատություն, և ներկայումս երկրում գործում է շուրջ 250 լիցենզավորված մասնավոր մանկապարտեզ, որտեղ կրթություն է ստանում ավելի քան 10 հազար երեխա։
Նախարարն առանձնացրել է նաև ներառական կրթության ոլորտում գրանցված զգալի առաջընթացը։ Նրա տվյալներով՝ այսօր մանկապարտեզներում սովորում են կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ավելի քան 1700 երեխաներ, մինչդեռ ծրագրի մեկնարկի պահին այդ թիվը կազմել է ընդամենը 91։
«Այս մեծ ճանապարհն անցել ենք միասին», — նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հիշեցնելով, որ նշված խմբի երեխաների կրթությունը նախադպրոցական հաստատություններում ամբողջությամբ ֆինանսավորվում է պետության կողմից։
Նա հավելել է, որ դրական դինամիկա է արձանագրվել նաև նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի շնորհման գործընթացում։ 2025 թվականի ավարտի դրությամբ տարակարգ ունի 70 մասնագետ, որոնք պետական բյուջեից ստանում են համապատասխանաբար 30 և 40 տոկոս հավելավճար։