Կառավարությունը հաստատել է որոշում, որով ֆինանսական միջոցներ կուղղվեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի կանոնադրական կապիտալի ավելացմանը։ Նախաձեռնության նպատակն է համալիրի համար գեներատորների ձեռքբերում՝ միջոցառումների անխափան անցկացումն ապահովելու համար։
Բացի այդ, կառավարությունը կհատկացնի գումարներ նաև Տավուշի մարզում։ Մասնավորապես, ֆինանսավորվելու է Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցի տարածքում ֆուտբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի դաշտերի վերակառուցման նախագիծը։ Նույն տարածքում նախատեսվում է նաև պուրակի և մանկական մարզադաշտի կառուցում, որոնք կծառայեն թե՛ դպրոցին, թե՛ հարակից թաղամասի բնակիչներին։
Ըստ գործադիրի, այս միջոցառումները միտված են ինչպես մշակութային ենթակառուցվածքների, այնպես էլ կրթության և համայնքային զարգացման բարելավմանը։