Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը խոստացել է հասնել ԱՄՆ-ում Բրազիլիայի պետական ակտիվների կալանքին՝ կապված դատավոր Ալեսանդրի դի Մորաիսի հրահանգի հետ՝ արգելափակել Բրազիլիայում Starlink Holding-ի հաշիվները և X սոցցանցի (նախկինում՝ Twitter) հասանելիությունը։
«Եթե Բրազիլիայի կառավարությունը չվերադարձնի X-ի և SpaceX ընկերության ապօրինաբար բռնագրավված ունեցվածքը, մենք կհասնենք պետական ակտիվների պատասխան կալանքին: Հուսով եմ՝ [Բրազիլիայի նախագահ] Լուլա [դա Սիլվային] դուր կգա սովորական կոմերցիոն թռիչքներից օգտվելը»,- գրել է Մասկը X-ում:
Ձեռնարկատերն այսպիսով մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ինքնաթիռի առգրավման մասին տեղեկությունները։
Մեկ այլ գրառման մեջ Մասկը կարծիք է հայտնել, որ Բրազիլիայի Դաշնային Գերագույն դատարանի դատավոր դի Մորաիսն «արժանի է իր հանցանքների համար բանտ նստելուն»:
X ընկերությունն օգոստոսի 17-ին հայտարարել է, որ փակում է իր գրասենյակը Բրազիլիայում՝ աշխատակիցներին ուղղված սպառնալիքների պատճառով։ Ընկերությունը պնդում էր, որ իր տրամադրության տակ է հայտնվել դի Մորաիսի գաղտնի հրահանգը, որը սպառնացել է ձերբակալել ներկայացուցչության իրավախորհրդատուին, եթե նա չկատարի որոշ հաշիվներ արգելափակելու հրամանը։
Այնուհետև դի Մորաիսը Դաշնային Գերագույն դատարանի X-ի էջում հրապարակել է ծանուցագիր՝ Մասկին խորհուրդ տալով 24 ժամվա ընթացքում նոր օրինական ներկայացուցիչ նշանակել երկրում։ Բացի այդ, արգելափակվել են գործարարին պատկանող Starlink Holding-ի հաշիվները:
Իլոն Մասկն այս որոշումն անօրինական է անվանել։
Օգոստոսի 30-ին բրազիլացի դատավորն օրական 50,000 ռեալ (գրեթե 9,000 դոլար) տուգանք է սահմանել այն անձանց և ընկերությունների համար, որոնք կօգտագործեն «տեխնոլոգիական հնարքներ» և կշարունակեն օգտագործել X-ը: