Հայաստանում մասնագիտական կրթության նկատմամբ հետաքրքրությունը շարունակում է աճել։ 2023-2024 ուստարվա տվյալներով՝ 9-րդ դասարանն ավարտած յուրաքանչյուր երրորդ աշակերտ որոշել է կրթությունը շարունակել քոլեջում։ Կառավարության հուլիսի 17-ի նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց այս տարվա ընդունելության ծրագրերը և անվճար տեղերի բաշխումը։
Այս տարի արհեստագործական կրթական ծրագրերի շրջանակում պետության կողմից լիարժեք փոխհատուցմամբ ուսուցման հնարավորություն կտրվի 41 մասնագիտությամբ՝ 58 ուսումնական հաստատությունում։ Միջին մասնագիտական կրթական ծրագրով անվճար տեղեր կհատկացվեն 116 մասնագիտությամբ՝ 74 հաստատությունում։
Արդեն երրորդ տարին շարունակ գործարկվում է արդյունաբերության, շինարարության և գյուղատնտեսության ոլորտների համար նախատեսված կրթաթոշակային ծրագիրը, ըստ որի՝ ուսանողներին տրամադրվում է ամսական առնվազն 50,000 դրամ կրթաթոշակ։ Նախարարի խոսքով՝ սա նպաստում է կրթության հասանելիության բարձրացմանը և խրախուսում է երիտասարդներին ընտրել տնտեսության պահանջարկին համընկնող մասնագիտություններ։
Նախորդ տարի մասնագիտական կրթության և ուսուցման համակարգում ավելացել է ավելի քան 15 հազար նոր ուսանող, իսկ ընդհանուր ուսանողների թիվը հասել է 45 հազարի։ Այս տարվա ընդունելության համար պետպատվերով նախատեսված է շուրջ 6,064 տեղ՝ միջին մասնագիտական կրթության համար, և 3,312 տեղ՝ արհեստագործական կրթության համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ կրթաթոշակային համակարգը զգալիորեն ավելացրել է դիմորդների թիվը՝ ապահովելով կրթության լայն ընդգրկում։ Նրա խոսքով՝ առաջին տարում կրթաթոշակն տրամադրվում է բոլորին, իսկ հաջորդ տարիներին՝ ուսման առաջադիմության հիման վրա։
Նախարարը ներկայացրեց նաև ամենապահանջված մասնագիտությունները․ խոհարարություն, զբոսաշրջություն, ՏՏ, տրանսպորտային միջոցների նորոգում և սպասարկում։ Ներդրվել է նաև էլեկտրամոբիլների սպասարկման նոր մասնագիտություն։
Ժաննա Անդրեասյանը վստահեցրեց, որ հատկապես արհեստագործական ծրագրերով իրականացվող մասնագիտությունները ուղղակիորեն կապված են աշխատաշուկայի պահանջների հետ և կարող են էական ազդեցություն ունենալ երկրի տնտեսական զարգացման վրա։