ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից ցանկացողները կարող են ձեռք բերել «Շառլ Ազնավուր-100» ոսկե հուշադրամներ երկու քաշային տարբերակներով՝ 3,11 գրամ (1/10 ունցիա) և 31,1 գրամ (1 ունցիա), ինչպես նաև «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամներ՝ չորս քաշային տարբերակներով՝ 1 գրամ, 7,78 գրամ (¼ ունցիա), 15,55 գրամ (½ ունցիա) և 31,1 գրամ (1 ունցիա)։ «Շառլ Ազնավուր-100» ոսկե հուշադրամները, ինչպես նաև «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամները ձևավորվել և հատվել են գերմանական «Գայգեր Էդելմետալե» դրամահատարանում: Դրամահատարանի կողմից թանկարժեք մետաղներից պատրաստված արտադրանքի հումքը ձեռք է բերվում Լոնդոնի թանկարժեք մետաղների բորսայի (LBMA) կողմից հավաստագրված մատակարարներից: «Գայգեր Էդելմետալե» դրամահատարանը թանկարժեք մետաղներից պատրաստված ձուլակտորների, ներդրումային դրամների, հուշադրամների արտադրությամբ զբաղվող, ինչպես նաև միջազգային շուկայում նշվածների վաճառքն իրականացնող առաջատար ընկերություններից մեկն է: Հայաստանի Հանրապետության «Նոյյան տապան» ներդրումային դրամների թողարկումը և վաճառքը միջազգային շուկաներում «Գայգեր Էդելմետալե» դրամահատարանի կողմից սկսվել է 2011 թ-ից՝ արծաթե, իսկ 2020 թ-ից՝ ոսկե ներդրումային դրամներով: ՀՀ կենտրոնական բանկի կողմից դրամահատարանը լիազորված է ոչ միայն հատելու, այլև իրացնելու «Շառլ Ազնավուր-100» հուշադրամները և «Նոյյան տապան» ներդրումային դրամները եվրոպական, ամերիկյան, ավստրալիական թանկարժեք մետաղների ու դրամագիտական այլ շուկաներում: