USD389.41EUR441.28RUB4.7127

«Մենք դեռ Հայաստանի կողմից Եվրամիությանն անդամակցելու հայտ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք». Մարտա Կոս

Չհստակեցնելով՝ դիմումը ստանալու դեպքում Բրյուսելը հավանություն կտա, թե ոչ, եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը միայն ընդգծել է՝ Երևանում հնչող այդ ցանկությունը ցույց է տալիս, թե որքան գրավիչ է այսօր եվրոպական ընտանիքը։

«Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանի խորհրդարանում, ցույց է տալիս, որ Եվրամիության գրավչությունը հիմա ավելի բարձր է, քան նախկինում։ Ցանկացած երկրի համար Եվրամիության անդամակցությանը դիմելու համար երկու պայման կա՝ այն պետք է լինի պետություն և լինի Եվրոպայում։ Մենք Հայաստանից դիմում դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք, բայց, ինչպես ասացի, սա ցույց է տալիս, որ մենք հետաքրքիր ենք բազմաթիվ երկրների համար», – ասել է դաշինքի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը։

Անցած ամիս Հայաստանի խորհրդարանն ընդունեց ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը: Միաժամանակ, պաշտոնական Երևանը հայտարարում է՝ թեև օրինագիծը համահունչ է Եվրամիության հետ հարաբերությունների խորացման ծրագրին և Հայաստանի որդեգրած՝ բալանսավորման արտաքին քաղաքականությանը, սակայն այն Եվրամիության անդամակցության հայտ չէ: 

«Այդ դիմումը ներկայացնելու համար Հայաստանը մի շարք ընթացակարգեր պետք է անցնի, երբ լինի, կդիտարկենք»,- ասել է Մարտա Կոսը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ