USD383.27EUR447.7RUB4.7706

Մենք մեր երկրի հուշարձանների մասին ունենք շատ պարզունակ պատկերացում. Ժաննա Անդրեասյան

Նախորդ տարի հուշարձանների պահպանության նպատակով բյուջեից ծախսվել է ավելի քան 800 միլիոն դրամ, ինչը կրկնակի ավել է եղել նախորդ տարվա համեմատ, իսկ 2018-ի համեմատ բյուջեն աճել է 8 անգամ։ 2018-ին այս ոլորտի համար հատկացվել էր 116 միլիոն դրամ, մինչդեռ 2025 թվականին հատկացումը կազմել է մոտ 1 միլիարդ 800 միլիոն դրամ։ Այդ մասին հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա նշել է, որ այս գումարների շնորհիվ հնարավոր է աշխատել այնպիսի հուշարձանների վրա, որոնց մասին հանրությունը քիչ գիտեր։ Նախարարության նպատակն է ամրակայել հուշարձանները և ստեղծել անհրաժեշտ ենթակառուցվածքներ։ Օրինակ՝ Լոռի բերդում արդեն տեղադրվել է տեղեկատվական-մոդուլային կենտրոն՝ սրճարանով, տոմսերի վաճառքով և սանհանգույցներով, ինչը ստեղծում է ավելի հարմարավետ միջավայր այցելուների համար։ Արդյունքներ են սպասվում նաև Զորաց քարեր և Բջնի հուշարձաններում։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է զբոսաշրջության ոլորտի հետ համագործակցությունը՝ հուշարձանների հասանելիության և զբոսաշրջային երթուղիների զարգացման ուղղությամբ։ Նա ընդգծել է, որ հուշարձանների պահպանությունն ու զարգացումը ոչ թե մեկանգամյա միջոցառում է, այլ շարունակական գործընթաց։

«Հաճախ կա տպավորություն, որ մենք մեր երկիրը ընդհանրապես չենք ճանաչում։ Մենք մեր երկրի հուշարձանների մասին ունենք շատ պարզունակ պատկերացում։ Մեր գիտելիքները սահմանափակվում են ընդամենը 10-20 հուշարձաններով, իսկ մնացած կարևոր վայրերը մեզ համար անճանաչելի են», – նշել է նախարարը՝ հավելելով, որ կրթական ոլորտում նույնպես մեծ ջանքեր են ներդրվում՝ հուշարձանների նկատմամբ հետաքրքրությունը խթանելու նպատակով։

Կիսվել :

Նմանատիպ նորություններ