2025 թվականի դեկտեմբերի 15-ից Meta ընկերությունը դադարեցնելու է Messenger-ի համակարգչային հավելվածների աշխատանքը՝ ինչպես Windows, այնպես էլ Mac համակարգերի համար։ Այս մասին հայտնում է ընկերությունը։
Նշված օրվանից օգտատերերը այլևս չեն կարողանա մուտք գործել ծրագրեր․ դրանք ավտոմատ կերպով կվերուղորդվեն դեպի Facebook-ի վեբ կայք, որտեղ Messenger-ը հասանելի կլինի միայն առցանց տարբերակով։
Meta-ն արդեն սկսել է նախազգուշացնել օգտատերերին՝ ժամանակ տալով հարմարվելու նոր ձևաչափին և ուսումնասիրելու այլընտրանքային տարբերակները։ Մասնավորապես, Windows-ի օգտատերերը կարող են օգտագործել Facebook-ի աշխատասեղանային հավելվածը, իսկ բոլոր օգտատերերը՝ անկախ օպերացիոն համակարգից, կարող են մուտք գործել Messenger՝ Facebook.com կայքի միջոցով։
Ընկերությունը նաև կոչ է արել օգտատերերին միացնել Secure Storage (ապահով պահոց) հնարավորությունը և ստեղծել PIN կոդ, որպեսզի հաղորդագրությունների պատմությունը պահպանվի և տեղափոխվի նոր միջավայր։
Meta-ի փոխանցմամբ՝ վեբ տարբերակի անցումից հետո Messenger-ի ամբողջ հաղորդագրությունների պատմությունը հասանելի կլինի բոլոր հարթակներում, ներառյալ բջջային հավելվածները։
Այս քայլը համարվում է Meta-ի թվային հարթակների միավորման և հաղորդակցման ծառայությունների ավելի անվտանգ ու կենտրոնացված կառավարման ռազմավարության մի մաս։