Մայիսի 20-21-ը Վիեննայում Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի նախարարական հատվածի շրջանակներում ընդունվել է համանախագահների համատեղ հայտարարություն։ Հայտարարության տեքստում արտացոլվել են մի շարք կարևոր շեշտադրումներ, մասնավորապես՝
մասնակից երկրներն, ի թիվս այլ պարտավորությունների, հանձնառություն են ստանձնում պահպանելու և ամրապնդելու միջուկային և այլ ռադիոակտիվ նյութերի և օբյեկտների համապարփակ անվտանգությունը,
անհանգստացած են միջուկային անվտանգության համար առկա և զարգացող սպառնալիքները և հանձնառու են դրանց հասցեագրմանը,
ընդգծում են, որ խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային օբյեկտների վրա ցանկացած հարձակում կամ հարձակման սպառնալիք կարող է վտանգել միջուկային անվտանգությունը և վկայակոչում են այդ ուղղությամբ իրենց պարտավորությունները, որոնք արտացոլված են մասնավորապես ԱԷՄԳ Գլխավոր Կոնֆերանսի համապատասխան բանաձևերում և որոշումներում։
ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի ելույթը կայացել է մայիսի 20-ին, որում ևս արտացոլված էին ինչպես միջուկային գլոբալ անվտանգության, այնպես էլ ոլորտում ՀՀ առաջնահերթությունների վերաբերյալ հիմնական շեշտադրումները։