«Մոսկվան անհանգստացած է ԵՄ-ին անդամակցելու՝ Երևանի նկրտումներով. Հայաստանը վտանգում է կորցնել ԵԱՏՄ-ի առավելությունները, եթե Արևմուտքը նրան ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ»,- ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
ՏԱՍՍ-ի հարցին՝ Մոսկվան մտահոգվա՞ծ է ԵՄ-ին միանալու՝ Երևանի ձգտումներով, Գրուշկոն դրական է պատասխանել․
«Բնականաբար, Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտումները մտահոգիչ են, քանի որ նման նկրտումներն անհամատեղելի են ԵԱՏՄ-ին այս երկրի անդամակցության հետ, և մենք այդ մասին խոսում ենք հայ գործընկերների հետ մեր բազմաթիվ շփումներում»,- նշել է դիվանագետը։
«Հայտնի է, որ ԵԱՏՄ-ին մասնակցության շնորհիվ Հայաստանը դինամիկ զարգանում է, տնտեսական աճ է նկատվում Հայաստանի բոլոր առանցքային ոլորտներում: Սա հսկայական հարստություն է, որը Հայաստանը կարող է կորցնել, եթե Արևմուտքը նրան ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղի մեջ՝ փորձելով պոկել Հայաստանը Ռուսաստանից և այլ բնական դաշնակիցներից»,- ընդգծել է փոխնախարարը։