USD390.9EUR444.61RUB4.7857

Մշակվել է Հայաստանի արտահանման ռազմավարական ծրագիր

ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ Ameria Management Advisory խորհրդատվական ընկերությունը, Մոդեքս խորհրդատվական ընկերությունը և միջազգային փորձագետ Անդրեաս Կլասենը մշակել են Հայաստանի արտահանման ռազմավարական ծրագիրը, որտեղ մոլիբդենը ներառվել է առաջատար ապրանքների ցանկում։ Առաջիկա տարիներին, սպասվում են առանձին գործողություններ, որոնք հնարավորություն կտան Հայաստանի դիրքերն ամրապնդել մոլիբդեն արտադրողների «համաշխարհային քարտեզում»։ Ժամանակակից արդյունաբերությունում մոլիբդենը հաճախ կիրառվում է համաձուլվածքների մեջ՝ իր ֆիզիկաքիմիական հատկությունների շնորհիվ ապահովելով սարքավորումների կամ առանձին դետալների երկարակեցությունը և դիմացկունությունը տարբեր կորոզիոն միջավայրերում, ինչի շնորհիվ այդպիսի համաձուլվածքները լայնորեն կիրառվում են հրթիռների, քիմիական և դեղագործական արդյունաբերության սարքավորումների, բարդ ճարտարապետական կոնստրուկցիաների արտադրության մեջ:

Հայաստանը մոլիբդենի արտադրության համաշխարհային առաջատարներից է՝

✅ 2023 թ-ին աշխարհում մոլիբդենի արտադրությամբ Հայաստանը գտնվում է վեցերորդ տեղում՝ 10,900 տոննա ցուցանշով (համաշխարհային արտադրության շուրջ 4%-ը),
✅ 2023թ-ի տվյալներով մոլիբդենի (ներառյալ ֆեռոմոլիբդենի) գծով Հայաստանի հարաբերական մրցակցային առավելությունը (հաշվարկված Բալասայի ինդեքսով) եղել է 171,
✅ Մոլիբդենի արտադրությամբ Հայաստանը զիջում է միայն Չինաստանին, Չիլիին, ԱՄՆ-ին, Պերուին և Մեքսիկային, չնայած այս ամենին Հայաստանը Մոլիբդենի միջազգային ասոցիացիայի (IMOA-ի) անդամ չէ։

⚠️ Հարաբերական մրցակցային առավելության հայեցակարգի հեղինակը անգլիացի հայտնի տնտեսագետ Դեյվիդ Ռիկարդոն է: Ժամանակակից տնտեսագիտության մեջ հարաբերական մրցակցային առավելությունը հաշվարկվում է հունգարացի տնտեսագետ Բելա Բալասայի մշակած ինդեքսով՝ երկրի ընդհանուր արտահանման մեջ տվյալ ապրանքի արտահանման մասնաբաժինը հարաբերելով աշխարհի ընդհանուր արտահանման կառուցվածքում տվյալ ապրանքի արտահանման մասնաբաժնի վրա։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ