Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկել են 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները, որոնց առաջին նիստին մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հայտարարել է, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո մարդիկ Հայաստանում 50 տոկոսով ավելի լավ են ապրում։ Նրա խոսքով՝ եթե 2018 թվականի ապրիլին միջին աշխատավարձը կազմել է 173,996 դրամ, ապա 2025 թվականի ապրիլին այն հասել է 304,992 դրամի։ «Միջին աշխատավարձի աճը կազմել է 130 հազար դրամ՝ կամ 75 %», – նշել է նա։
Փաշինյանի գնահատմամբ՝ այս տվյալները վկայում են, որ մարդիկ Հայաստանում ավելի լավ են ապրում, այդ թվում՝ գնաճի ազդեցությունը հաշվի առնելով։ Նա հավելել է, որ խոսքն աշխատող քաղաքացիների մասին է և չի նշանակում, թե բոլորն ամբողջությամբ գոհ են իրենց կյանքի պայմաններից։
Վարչապետը նշել է, որ Հայաստանում ստեղծվել է 242,119 նոր աշխատատեղ։ Ըստ նրա, բարձր աշխատավարձ հիմնականում ստանում են նրանք, ովքեր ստացել են մրցունակ կրթություն։