Պաշտոնական Բաքուն շարունակում է կիրառել ՛՛Զանգեզուրյան միջանցք՛՛ եզրույթը՝ դրանով իսկ փաստացի հավասարության նշան դնելով ՛՛Թրամփի երթուղու՛՛ ու 2020 թ.-ից ի վեր առաջ մղվող ՛՛միջանցքի՛՛ նախագծի միջև:
Այս անգամ միջանցքային խոսույթ է բանեցնում Ադրբեջանի էներգետիկայի նախարար Շահբազովը:
Էներգետիկի օրվա առթիվ լույս տեսած իր ծրագրային հոդվածում (20.10.2025) Շահբազովը հայտարարում է ՛՛Ադրբեջան (Նախիջևան)-Թուրքիա-Եվրոպա՛՛ էներգետիկ հանգույցի ձևավորման մասին, որի շրջանակներում արդեն նախագծվում են Ջաբրայիլ-Նախիջևան 330 կՎ և Նախիջևան-Թուրքիա 400 կՎ էլեկտրահաղորդման գծերը: Ըստ նրա՝ այս հաղորդակցության ՛՛կրող կոնստրուկցիա՛՛ է հանդիսանում ՛՛Զանգեզուրյան միջանցքը՛՛:
Բաքուն շարունակում է զբաղվել աշխարհաքաղաքական մարքեթինգով՝ ցույց տալով, որ Հայաստանի հարավով նախագծվող հաղորդակցությունը տեղավորվում է Արևմուտքի, հատկապես ԵՄ-ի էներգետիկ ու էներգատրանսպորտային շահերի մեջ:
Հայաստանին էլ առաջարկվող դիվիդենտն արդեն հնչեցվել է՝ ինտեգրում թյուրքական ՛՛Միջին միջանցքին՛՛, սակայն ոչ թե հաղորդակցությունների համալիր ապաշրջափակմամբ, այլ բացառապես Սյունիքով անցնող ՛՛միջանցքով՛՛: Օրերս դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին Բաքվի որոշումը հենց դրա մասին էր:
Ի դեպ, օրերս այս հարցին էր անդրադարձել նաև Թուրքիայի տրանսպորտի նախարար Ուրալօղլուն՝ հայտարարելով, որ ՛՛Թրամփի երթուղին՛՛ կարող է էապես ընդլայնել ՛՛Միջին միջանցքի՛՛ թողունակությունը:
Սա է ձևավորվող տրանսպորտային ճարտարապետության վերջնական նպատակը՝ օգտագործել Սյունիքի լոգիստիկ ներուժը՝ թուլ չտալով Հայաստանի լիակատար ինտեգրումը տարածաշրջանային հաղորդակցություններին:
Պաշտոնական Երևանը կարող է դա ներկայացնել հանրությանը որպես ՛՛խաղաղության խաչմերուկ՛՛ կամ ՛հաստատված խաղաղություն՛՛:
Սակայն հարցի էությունը դրանից չի փոխվի: