Հայաստանի կառավարությունը հաստատել է օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով սահմանվում են խիստ սահմանափակումներ՝ պետական պաշտոնյաների և նրանց հարազատների հետ կապված ընկերությունների համար պետական գնումներին և մրցույթներին մասնակցելու հարցում։
Եվրոպական երկրների փորձի հիման վրա մշակված նախաձեռնության նպատակն է նվազեցնել պրոտեկցիոնիզմի ռիսկերը, կանխել շահերի բախումը և բարձրացնել պետական գնումների համակարգի թափանցիկությունն ու վստահելիությունը։
Օրինագիծը նախատեսում է եռաստիճան սահմանափակումների համակարգ՝ կախված պաշտոնյայի կարգավիճակից։
Առաջին մակարդակում սահմանվում է ամբողջական արգելք երկրի բարձրագույն ղեկավարության հետ կապված ընկերությունների համար։ Վարչապետի, նախագահի, Ազգային ժողովի նախագահի, փոխվարչապետերի և ֆինանսների նախարարի հետ առնչվող ընկերությունները լիովին կզրկվեն պետական գնումներին մասնակցելու իրավունքից՝ անկախ ոլորտից կամ գերատեսչությունից։
Երկրորդ մակարդակում սահմանափակումները վերաբերում են նախարարներին, գլխավոր դատախազին, քննչական մարմինների ղեկավարներին և համայնքների ղեկավարներին։ Նրանց հետ կապված ընկերությունները չեն կարող մասնակցել իրենց իսկ գերատեսչությունների կամ ենթակա կազմակերպությունների կողմից իրականացվող գնումներին և մրցույթներին։
Երրորդ մակարդակը վերաբերում է անկախ պետական մարմիններին, այդ թվում՝ Կենտրոնական բանկին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, Մրցակցության հանձնաժողովին և Մարդու իրավունքների պաշտպանին։ Այս կառույցների ղեկավարության հետ կապված ընկերությունների համար սահմանափակումները կկիրառվեն միայն տվյալ մարմնի կողմից իրականացվող գնումների շրջանակում։
Օրինագիծը նախատեսում է նաև խիստ պատասխանատվություն շահերի բախման թաքցման դեպքում։ Եթե պարզվի, որ ընկերությունը դիտավորյալ չի հայտարարել կապը պաշտոնյայի հետ, կնքված պայմանագիրը կչեղարկվի հետադարձ ուժով, իսկ ընկերությունը կվճարի տուգանք՝ պայմանագրի գումարի 20 տոկոսի չափով։
Ներկայումս սահմանափակումները չեն տարածվում Ազգային ժողովի պատգամավորների վրա, սակայն կառավարությունը չի բացառում, որ այս հարցը կարող է քննարկվել արդեն խորհրդարանական ձևաչափում։
Կառավարության ծրագրով օրենսդրական փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեն 2027 թվականի հունվարի 1-ից։