Պետական մարմիններին կաթնամթերք մատակարարելու իրավունք կստանան միայն այն ընկերությունները, որոնք շուկայում արդեն ունեն առևտրային փորձ և վաճառքի տեսանելի ծավալներ։ Այս մասին հայտնել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ խոսելով սպասվող օրենսդրական փոփոխության մասին։
«Եթե արտադրանքը որակյալ է, ապա այն պետք է լինի նաև շուկայում՝ խանութի դարակներին։ Միայն պետական գնումների վրա հիմնված ընկերությունները բիզնես չեն։ Իրական բիզնեսը աշխատում է շուկայում, ոչ թե միայն պետբյուջեից սնվում»,- նշել է Գևորգյանը՝ հավելելով, որ այս մոտեցումը շուտով կդառնա իրավական ակտ։
Փոփոխության նախաձեռնության հիմքում Երևանի քաղաքապետարանի դիմումն է։ Քաղաքապետարանը մտահոգություն է հայտնել, որ մանկապարտեզների համար կատարվող կաթնամթերքի գնումներում գրանցվել են անբարեխիղճ մրցակցության դեպքեր։
«Հայտնաբերվել են բացահայտ անտրամաբանական գներ՝ կարագի և պանրի համար, ինչը ցույց է տալիս համակարգային խնդիրներ գնումների գործընթացում»,- ընդգծել է Գևորգյանը։