USD390.9EUR444.61RUB4.7857

Պետությանը 2,3 մլրդ դրամի վնաս է պատճառված. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Գագիկ Բեգլարյանը, Երևանի քաղաքապետի և Կենտրոն համայնքի ղեկավարի պաշտոնները զբաղեցնելու տարիներին՝ 2004-2010 թթ. ընթացքում, 2 մլրդ 327 մլն ՀՀ դրամի 27 անշարժ գույքն իր հետ փոխկապակցված անձանց սեփականությունը դարձնելու նպատակով պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև 2004-2017 թթ. ընթացքում օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված գույքը:

Գագիկ Բեգլարյանը Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում, Կենտրոն համայնքին պատկանող ավելի քան 233 մլն ՀՀ դրամի շուկայական արժեք ունեցող թիվ 140 մանկապարտեզի տարածքը փաստացի իրենը դարձնելու նպատակով, 2008 թվականի դեկտեմբերի 25-ին համայնքի ավագանու նիստի օրակարգում ներառել է այդ մանկապարտեզի վերակազմակերպման հարցը՝ ավագանու անդամներից թաքցնելով նշված անշարժ գույքը հետագայում իրենը դարձնելու մտադրությունը: Ավագանու որոշմամբ հիշյալ հաստատությունը վերակազմակերպվել և միացվել է նույն համայնքի մեկ այլ մանկապարտեզի:

Գագիկ Բեգլարյանը դրդել է Կենտրոն համայնքի նախկին ղեկավարին նշված անշարժ գույքը ավագանու որոշմամբ վարձակալությամբ տրամադրել իր հետ փոխկապակցված անձին՝ հետագայում այն փաստացի իրենը դարձնելու նպատակով: Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու նպատակով, Գ. Բ.-ն նշված անշարժ գույքը շուկայականից անհամեմատ ցածր գնով՝ 23 մլն դրամով, ձևական առուվաճառքի պայմանագրով օտարել է իր հետ փոխկապակցված անձին: Այնուհետև Գագիկ Բեգլարյանը նախնական համաձայնության է եկել վերջինիս հետ՝ նշված գույքը դարձյալ ձևական առուվաճառքի պայմանագրով 24 մլն դրամով իր հորը օտարելու վերաբերյալ, որի արդյունքում գույքը փաստացի դարձել է Գ. Բ.-ի սեփականությունը: Թաքցվել և խեղաթյուրվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի ծագման աղբյուրը:

Գագիկ Բեգլարյանի հետ փոխկապակցված անձանց օտարվել է Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող ավելի քան 2 մլրդ դրամի՝ մնացած 26 անշարժ գույքը, մի դեպքում՝ ուղղակի վաճառքի, մյուս դեպքում՝ նվիրատվության կամ ձևական աճուրդի եղանակով:  Նշված ամբողջ գույքը փաստացի դարձել է Գագիկ Բեգլարյանի սեփականությունը:

Գագիկ Բեգլարյանին, Կենտրոն համայնքի նախկին ղեկավարին և նրա տեղակալին մեղադրանքներ են ներկայացվել բազմաթիվ դրվագներով փողերի լվացման, դրան դրդելու և պաշտոնեական լիազորությունները  չարաշահելու համար:

Նախաքննության ընթացքում Գագիկ Բեգլարյանի կողմից վերականգնվել է շուրջ 210 մլն դրամ, ինչպես նաև  պետությանը պատճառված վնասի չափով արգելանք է դրվել վերը նշված 27 անշարժ գույքի վրա: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ