Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ շինանյութի առևտրով զբաղվող խոշոր ընկերության նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է համակարգային սխեմա․ ընկերությունը տարիներ շարունակ ապրանքներն իրացրել է առանց հաշվարկային փաստաթղթերի և ՀԴՄ կտրոնների տրամադրման։
Նախնական տվյալներով՝ չհայտարարագրված շուրջ 3.5 միլիարդ դրամի շրջանառության հետևանքով պետությանը պատճառվել է մոտ 1.1 միլիարդ դրամի վնաս։
ՊԵԿ-ը հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ընկերության գործունեության հասցեներում կատարվել են խուզարկություններ, առգրավվել են փաստաթղթեր, տվյալների շտեմարաններ և էլեկտրոնային կրիչներ։
ՊԵԿ-ը շեշտում է, որ ստվերային տնտեսության դեմ պայքարը շարունակական է, և պետությանը հասցված վնասները ենթակա են լիարժեք փոխհատուցման։