Ստվերային տնտեսության դեմ պայքարի շրջանակում Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է խոշոր ծավալների չհայտարարագրված շրջանառություն սպորտային ակումբներից մեկում։
ՊԵԿ-ի փոխանցմամբ, օպերատիվ տեղեկությունների հիման վրա պարզվել է, որ ընկերության աշխատակիցների աշխատավարձերի զգալի մասը վճարվել է կանխիկ՝ առանց հարկային մարմին ներկայացված հաշվետվություններում արտացոլելու։ Բացի այդ, ընկերությունը թաքցրել է իրացման իրական շրջանառությունը։
Քննչական կոմիտեի և ՊԵԿ-ի աշխատակիցների համատեղ գործողությունների արդյունքում ակումբի մի շարք հասցեներում իրականացվել են խուզարկություններ, առգրավվել են փաստաթղթեր ու իրեր։ Վերլուծության արդյունքում պարզվել է, որ վերջին հինգ տարիներին կազմակերպությունը, առանց ՀԴՄ կտրոնների և հաշվարկային փաստաթղթերի տրամադրման, մատուցել է սպորտային ծառայություններ՝ թաքցնելով շուրջ 8.6 միլիարդ դրամի շրջանառություն և չվճարելով մոտ 2.3 միլիարդ դրամի հարկ պետական բյուջե։
Դեպքի առթիվ մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նրան մեղադրանք է ներկայացվել, և արդեն վերականգնվել է պետությանը պատճառված վնասի մի մասը՝ 348.6 միլիոն դրամ։
Նախաքննությունը շարունակվում է։ Քննչական և օպերատիվ մարմինները ձեռնարկում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները բացահայտելու, հնարավոր հանցավոր խմբի անդամներին նույնականացնելու և պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու համար։
ՊԵԿ-ը նաև հորդորում է սպորտային ծառայություններ մատուցող կազմակերպություններին խուսափել կեղծ հաշվետվությունների և թերհայտարարագրված շրջանառության գործելաոճից՝ ընդգծելով, որ նման դեպքերը հետևողականորեն բացահայտվելու են։