USD383.4EUR438.07RUB4.8569

Ռուսաստանը «Շահեդ» անօդաչուների դիմաց Իրանին վճարել է ոսկով

Ռուսաստանը Իրանից գնված «Շահեդ» տեսակի կամիկաձե անօդաչու թռչող սարքերի դիմաց վճարումներ է կատարել ոչ միայն բանկային փոխանցումներով, այլև մեծածավալ ոսկով։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով C4ADS ամերիկյան հետազոտական կազմակերպության զեկույցին։

Հիմնվելով փաստաթղթերի վրա՝ C4ADS-ը պարզել է, որ 2023 թվականի մարտի 16-ին կնքված համաձայնագրով ռուսական «Ալաբուգա» ընկերությունը պարտավորվել է մատակարարել 1,788,402.2 գրամ ոսկի, մեկ գրամի դիմաց՝ 58.32 դոլար։ Սա կազմում է մոտ 104 միլիոն դոլարարժողությամբ վճարում։

Զեկույցում նշվում է նաև երկրորդ պայմանագրի գոյության մասին, որը կնքվել է 2023 թվականի ապրիլի 5-ին։ Այն նախատեսում է 2,067,795.9 գրամ ոսկու մատակարարում Իրանից, սակայն դրա մանրամասները հայտնի չեն, ինչպես նաև՝ ոսկին արդյոք փաստացի փոխանցվել է, թե ոչ։

Այս վճարային սխեմայի նպատակը եղել է խուսափել ԱՄՆ դոլարի օգտագործումից և պատժամիջոցների վերահսկողությունից։ Ոսկու միջոցով փոխանցումներն ավելի դժվար են վերահսկվում և թողնում են նվազ թվային հետք՝ շրջանցելով ֆինանսական համակարգերի թափանցիկությունը։

Գործարքին մասնակցած իրանական Sahara Thunder ընկերությունը, որը ներառված է ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում, մի քանի ամիս անց սկսել է լուծարման գործընթաց։ Զեկույցը ենթադրում է, որ այդ ընկերությունը կարող է փոխարինվել նոր իրավաբանական անձով՝ նույն գործառույթներով։

Այս բացահայտումը փաստում է, թե ինչպես են պատժամիջոցների պայմաններում Մոսկվան և Թեհրանը խորացնում ռազմական համագործակցությունը՝ կիրառելով ոչ ստանդարտ, ավելի գաղտնի մեթոդներ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ