Ռուսաստանը Թուրքիային տրամադրել է 9 միլիարդ դոլարի նոր ֆինանսավորում՝ «Աքկույու» ատոմային էլեկտրակայանի կառուցման ծրագրի շրջանակում։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը։
Նրա խոսքով՝ տրամադրված միջոցները հիմնականում նախատեսվում է օգտագործել 2026–2027 թվականներին։ Միևնույն ժամանակ նշվում է, որ առնվազն 4–5 միլիարդ դոլար նախատեսվում է ներգրավել արդեն 2026 թվականին՝ օտարերկրյա ֆինանսավորման ձևաչափով։
Համաձայն 2010 թվականին ստորագրված միջպետական համաձայնագրի՝ Ռուսաստանի պետական ատոմային կորպորացիան իրականացնում է Թուրքիայի առաջին ատոմային էլեկտրակայանի կառուցումը։ Այն գտնվում է Միջերկրական ծովի ափին՝ Մերսին նահանգում։ Նախատեսվում էր, որ «Աքկույու» ատոմակայանը շահագործման կհանձնվի ընթացիկ տարում, սակայն գործարկման ժամկետները հետաձգվել են։
Թուրքիայի էներգետիկայի նախարարն ընդգծել է նաև, որ Անկարան բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ՝ նոր միջուկային նախագծերի իրականացման շուրջ։ Մասնավորապես քննարկումներ են ընթանում Հարավային Կորեայի, Չինաստանի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ՝ Սինոպ նահանգում և Թրակիայի շրջանում ատոմային էներգետիկայի նոր ծրագրերի հնարավոր իրականացման վերաբերյալ։
Բայրաքթարի խոսքով՝ Թուրքիայի նպատակը առավել մրցունակ և շահավետ առաջարկների ստացումն է՝ երկրի էներգետիկ անվտանգությունն ամրապնդելու համար։