USD382.52EUR446.29RUB4.7613

Սեպտեմբերի 1-ից մեքենայի առքուվաճառքը հնարավոր կլինի իրականացնել առցանց

ՀՀ Ներքին գործերի նախարարությունը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համագործակցությամբ, հայտարարում է, որ սեպտեմբերի 1-ից քաղաքացիները կկարողանան իրականացնել տրանսպորտային միջոցների առքուվաճառքը առցանց՝ առանց այցելելու հաշվառման-քննական ստորաբաժանումներ։

Նոր ծառայությունը ներդրվում է «Ունենալ և վարել ավտոմեքենա» կյանքի իրադարձության թվայնացման ծրագրի շրջանակում և նպատակ ունի պարզեցնել ու կատարելագործել տրանսպորտային միջոցների ձեռքբերման, վաճառքի և գրանցման գործընթացները։

Քաղաքացիները կկարողանան․

  • գործարքը կնքել րոպեների ընթացքում՝ խնայելով ժամանակը,
  • խուսափել հերթերից ու ավելորդ ծախսերից,
  • ամբողջությամբ բացառել թղթաբանությունը։

Առցանց գործարքի հիմնական պայմանները․

  • Գործարքը սկսում է վաճառողը։
  • Վաճառվող մեքենան կարող է ունենալ միայն հերթական կամ ցանկալի պետհամարանիշ։
  • Գնորդը պետք է ունենա վարորդական վկայական։
  • Գործարքի երկու կողմերն էլ անցնում են խիստ նույնականացում՝ «ԵսԵմ» համակարգի միջոցով։
  • Մեքենայի համարանիշը չի փոփոխվում․ վաճառողը պարզապես հանձնում է այն գնորդին։
  • Վճարման պահին ինքնաշխատ հաշվարկվում են հարկերն ու տուրքերը։

Նախնական փուլում ծառայությունից կարող են օգտվել միայն երկու անհատներ՝ վարորդական վկայական ունենալու պայմանով։

Բացի այդ, սեպտեմբերի 1-ից կներդրվեն նաև վարորդական վկայականի և հաշվառման վկայագրի թվային տարբերակները։ Դրանք հասանելի կլինեն օգտատիրոջ անձնական էջում՝ Roadpolice.am կայքում։ Թվային փաստաթղթերը կտրամադրվեն առանց հավելյալ դիմումների կամ վճարների։

Ծառայությունը հասանելի է Roadpolice.am կայքում կամ hartak.am հարթակում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ