Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք նոր կարգավորումներ, որոնք վերաբերում են վարորդական վկայական ստանալու որակավորման քննություններին և տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերի տրամադրմանը։
🚗 Վարորդական քննությունների վերահանձնում
Քաղաքացիները հնարավորություն կունենան քննությունը կրկին հանձնել սեղմ ժամկետներում։ Եթե առաջին փորձը եղել է անարդյունք, ապա՝
- հաջորդ օրը՝ 45․000 դրամ վճարի դիմաց,
- երրորդ օրը՝ 30․000 դրամ վճարի դիմաց։
Երկրորդ կամ հաջորդ անհաջող փորձերի դեպքում՝ նախկին 30-օրյա սպասման փոխարեն կգործի արագացված տարբերակ․
- յոթերորդ օրը՝ 45․000 դրամ վճարի դիմաց,
- տասնչորսերորդ օրը՝ 30․000 դրամ վճարի դիմաց։
Այս փոփոխությունները նպատակ ունեն առավել ճկուն և մատչելի դարձնել վարորդական քննությունների համակարգը՝ հաշվի առնելով քաղաքացիների առաջարկները։
📄 Հաշվառման վկայագրի առաքում
Նոր կարգավորումներով, տրանսպորտային միջոցի պետական գրանցման ժամանակ քաղաքացիները կարող են ընտրել նաև հաշվառման վկայագիրը փոստային առաքման եղանակով ստանալու տարբերակը։
Նախարարությունը նշում է, որ փոփոխությունները միտված են ժամանակի խնայողությանը, հերթերի կրճատմանը և քաղաքացիների համար հարմարավետության բարձրացմանը։