USD382.59EUR447.25RUB4.7094

Սեպտեմբերին Հայաստանում գրանցվել են 37․6°C տաքություն և -4․8°C ցուրտ

Հայաստանի տարածքում 2025 թվականի սեպտեմբերը բնութագրվել է փոփոխական եղանակային պայմաններով․ ամիսը եղել է նորմայից մի փոքր սառն ու խոնավ։ Այս մասին հաղորդում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ ներկայացնելով սեպտեմբերի կլիմայական ամփոփ տվյալները։

Համաձայն կենտրոնի հաշվետվության՝ սեպտեմբերի միջին ամսական ջերմաստիճանը կազմել է 13․1°C, ինչը նորմայից ցածր է 0․8°C-ով։ Տեղումների քանակը, հակառակը, գերազանցել է նորման՝ կազմելով 44․3 մմ կամ նորմայի 140 տոկոսը։

Ամսվա առաջին տասնօրյակը առանձնացել է շոգ եղանակով․ սեպտեմբերի 1-ին Արարատում և Արենիում օդի առավելագույն ջերմաստիճանը հասել է 37․6°C-ի։ Իսկ ամենացածր ջերմաստիճանը դիտվել է սեպտեմբերի 21-22-ին՝ Արագածի բարձր լեռնային կայանում (3229 մ բարձրության վրա), որտեղ ջերմաստիճանը իջել է մինչև -4․8°C։

Տեղումների հիմնական մասը գրանցվել է սեպտեմբերի առաջին և երկրորդ տասնօրյակներին․ սեպտեմբերի 10-11-ին առանձին շրջաններում տեղացել է կարկուտ, իսկ ամսվա վերջին տասնօրյակը եղել է համեմատաբար չոր։

ՊՈԱԿ-ի պատմական դիտարկումների համաձայն՝

  • Հայաստանի ամենատաք սեպտեմբերը եղել է 2017 թվականին (16․4°C միջին ջերմաստիճան),
  • ամենացուրտը՝ 1956-ին (10․4°C),
  • ամենախոնավը՝ 1951-ին (111․4 մմ),
  • իսկ ամենաչորը՝ 2007-ին (1․7 մմ)։

Կլիմայական երկարաժամկետ վերլուծությունները ցույց են տալիս, որ 1935-2025 թվականների ընթացքում սեպտեմբեր ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․5°C-ով, իսկ տեղումների միջին քանակը նվազել է մոտ 13 տոկոսով կամ 4․2 մմ-ով։

Ըստ մասնագետների՝ տվյալները վկայում են կլիմայի փոփոխության շարունակական միտումների մասին, որոնք առավել նկատելի են լեռնային շրջաններում և հատկապես վերջին տասնամյակում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ