ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ServiceNow ընկերության փոխնախագահ Էնդրյու Դանկոյի հետ՝ ընկերության գլխավոր գրասենյակում։ Քննարկման հիմնական թեման եղել է Հայաստանի և գլոբալ տեխնոլոգիական հարթակի միջև համագործակցության խորացումը։
Դեսպանատան տեղեկացմամբ՝ ServiceNow-ն բարձր է գնահատում Հայաստանի տեխնոլոգիական ներուժը և ուսումնասիրում է երկրում գործունեություն ծավալելու նոր հնարավորությունները։ Ընկերության ներկայացուցիչները հետաքրքրվել են ինչպես մասնագիտական կադրերի պատրաստվածությամբ, այնպես էլ Հայաստանում տեխնոլոգիական էկոհամակարգի ընդլայնման հեռանկարներով։
Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայկական ստեղծագործական տեխնոլոգիաների քոլեջում (AKT) արդեն գործարկված ServiceNow լաբորատորիային, որը ուսանողներին հնարավորություն է տալիս ձեռք բերել արդիական հմտություններ և աշխատել նորարարական նախագծերի վրա։
Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները՝ համագործակցության առկա ուղղությունները զարգացնելու և նոր ծրագրեր նախաձեռնելու նպատակով։