USD383.97EUR449.32RUB4.9013

Շառլ Ազնավուրի արձանը՝ Երևանի քաղաքային բյուջեի ֆինանսավորմամբ

Երևանի Ազնավուրի հրապարակում բացված Շառլ Ազնավուրի նոր բրոնզե արձանի ստեղծումը ամբողջությամբ ֆինանսավորվել է Երևանի քաղաքային բյուջեից՝ շուրջ 85 մլն դրամ հատկացմամբ։ Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը՝ քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Արձանը, որը կրում է «Լա Բոհեմ» անվանումը, ստեղծվել է Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ 2024 թվականին քաղաքապետարանի նախաձեռնությամբ հայտարարված էսքիզային մրցույթում հաղթող է ճանաչվել քանդակագործ Դավիթ Մինասյանի նախագիծը։ Մրցութային հանձնաժողովում ընդգրկված է եղել նաև Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը։

Հովհաննիսյանի խոսքով՝ արձանի գաղափարը ծագել է Ազնավուրի հանրահայտ «Լա Բոհեմ» երգի բեմական ներկայացման խորհրդանշական պահից՝ երբ նա սպիտակ թաշկինակը ձեռքին պարում էր, իսկ հանդիսատեսը ձեռքերը մեկնած սպասում էր, թե երբ երգիչը կնետի այն։ «Քանդակը մարմնավորում է այդ անմոռանալի պահը», – նշել է նա։

Արձանը պատրաստվել է բրոնզից՝ մարմարային և կարմիր էմալային ընդգծումներով, իսկ ձուլման աշխատանքներն իրականացվել են Գյումրիում։

Բացման արարողությանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Նիկոլա Ազնավուրը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ