USD382.25EUR442.61RUB4.7549

Շիրակի մարզում նոր ուսումնական տարին կդիմավորեն լայնածավալ դպրոցաշինական աշխատանքներով

Շիրակի մարզում նոր ուսումնական տարին կսկսվի դպրոցաշինական և վերանորոգման լայնածավալ ծրագրերով։ Մարզպետարանի տեղեկացմամբ՝ այս պահին շինարարական աշխատանքներ են ընթանում մարզի 27 դպրոցներում, որոնցից 15-ը գտնվում են Գյումրիում։

Քաղաքում մինչև սեպտեմբերի 1-ը կավարտվեն թիվ 20, 28 և 38 դպրոցների հիմնանորոգումները։ Միևնույն ժամանակ, թիվ 11, 21, 23, 32, 41 և 45 դպրոցներում ամբողջական աշխատանքները դեռևս ավարտված չեն լինի, սակայն դասապրոցեսը կկազմակերպվի արդեն պատրաստ մասնաշենքերում։

Գյումրիի 6 դպրոց՝ թիվ 5, 7, 9, 19, 30 և 31, դասերը ժամանակավորապես կանցկացնեն այլ կրթական հաստատություններում։

Գյուղական բնակավայրերում ևս ընթանում են աշխատանքներ։ Վերանորոգումները մինչև սեպտեմբերի 1-ը կավարտվեն Նոր Կյանքում և Փանիկում։ Մյուս համայնքներում դասապրոցեսը կկազմակերպվի վարչական շենքերում և նպատակահարմար հաստատություններում։

Մարզպետ Դավիթ Առուշանյանը հանձնարարել է կրթության ոլորտի պատասխանատուներին ապահովել անխափան ուսումնական գործընթաց, իսկ շինարարական կազմակերպություններին՝ աշխատանքներն իրականացնել որակով և սահմանված ժամկետներում։

Նշենք, որ Շիրակի մարզում հիմքից կառուցվում է 12 նոր կրթահամալիր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 19.4 միլիարդ դրամ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ