ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի տվյալներով՝ Հայաստանի դպրոցներում ներկայում կրթություն է ստանում շուրջ 20 200 երեխա՝ Ղարաբաղից տեղահանված ընտանիքներից։
Նրա խոսքով՝ կրթության իրավունքի ապահովումը կազմակերպվել է հնարավորինս արագ՝ սկսած առաջին իսկ պահից, երբ դա դարձել է ֆիզիկապես հնարավոր։ Զուգահեռաբար միջոցներ են ձեռնարկվել նաև մասնագիտական կրթության շարունակականությունն ապահովելու ուղղությամբ։
Նշվել է, որ ներկայում ավելի քան 3200 ուսանող սովորում է Հայաստանի քոլեջներում և բուհերում։ Պետական աջակցության շրջանակում կրթաթոշակներ են տրամադրվել ոչ միայն 2023 թվականին ընդունվածներին, այլ նաև 2024 և 2025 թվականների առաջին կուրսեցիներին՝ հնարավորություն տալով շարունակել ուսումը։
Միևնույն ժամանակ նախարարությունը սահմանել է առաջադիմության շեմ՝ կրթության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Նախարարի գնահատմամբ՝ կարևոր է ոչ միայն կրթության հասանելիությունը, այլև ուսման որակը և արդյունքը։
Անդրեասյանը տեղեկացրել է նաև, որ դպրոցներում աշխատում է ավելի քան 600 ուսուցիչ, որոնց համար սահմանվել են հավելավճարներ․ աշխատավարձին ավելացվում է մինչև 30 տոկոս, իսկ որոշ համայնքներում տրամադրվում է նաև ամսական ֆիքսված հավելավճար՝ 50 հազար դրամի չափով։