USD389.76EUR406.4RUB3.79

Սիլիկոնային հովտի և ԵՄ-ի միջև հակամարտությունն արհեստական բանականության ոլորտում սրվում է. Bloomberg

Ամերիկյան առաջատար ՏՏ ոլորտի ընկերությունների և Եվրամիության միջև հակամարտությունը սրվում է արհեստական բանականության (AI) տեխնոլոգիաների զարգացումը խստորեն կարգավորելու՝ եվրոպական համայնքի քաղաքականության պատճառով։

Մասնավորապես, ըստ Bloomberg-ի, Apple-ը հրաժարվել է արհեստական բանականության վրա հիմնված Apple Intelligence-ի՝ ԵՄ տարածքում նոր ծրագրային ապահովման թողարկումից, նման որոշում է կայացրել նաև Meta կորպորացիան իր Llama-ի AI բաց մոդելի թարմացված տարբերակի վերաբերյալ։

Ընկերությունների նման որոշումների պատճառ է դարձել ԵՄ-ում խիստ տեխնոլոգիական կարգավորումն ու հակամենաշնորհային հսկողությունը, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության ոլորտում օրենսդրական նորմերը։ Գործակալության վերլուծաբանների կարծիքով՝ ընկերությունների նման քայլերը վկայում են «Սիլիկոնային հովտի և Եվրամիության միջև տևական հակամարտության սրման մասին»:

Միաժամանակ, ամերիկյան կորպորացիաները պնդում են, որ ԵՄ քաղաքականությունն ընդհանրապես սպառնում է կասեցնել AI տեխնոլոգիաների զարգացումը։ Իսկ ԵՄ-ում կարծում են, որ մշակող ընկերություններին գործողությունների չափազանց մեծ ազատություն տալը կարող է «խորացնել այն վնասը, որն արդեն իսկ պատճառում է Սիլիկոնային հովտի գերիշխանությունը համաշխարհային տեխնոլոգիական բնագավառում»:

Մարտին Եվրախորհրդարանի պատգամավորները հավանություն են տվել AI տեխնոլոգիաների կիրառման մասին օրենքին։ Փաստաթղթին, որն այս խնդրի վերաբերյալ աշխարհում առաջին օրենքն է, կողմ է քվեարկել 523 պատգամավոր, դեմ՝ 46-ը։ Այն նպատակ ունի նպաստել այնպիսի տեխնոլոգիաների օգտագործման կարգավորմանը, ինչպիսիք են ChatGPT չաթբոտը և իրական ժամանակում կենսաչափական նույնականացման համակարգերը:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ