Իլոն Մասկի SpaceX ընկերությանը պատկանող Starlink համակարգը ավելի քան 100 արբանյակային ինտերնետային տերմինալ կնվիրաբերի Հայաստանի հեռավոր և դժվարամատչելի բնակավայրերի դպրոցներին՝ ապահովելով կայուն և գերարագ ինտերնետ կապ։ Այդ մասին հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նախարարի խոսքով՝ նախաձեռնությունն իրականություն է դարձել Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ամերիկյան ընկերության միջև ձևավորված գործընկերության արդյունքում։ Ծրագրի նպատակն է նվազեցնել կրթական անհավասարությունը և թվային հնարավորությունների բացը մայրաքաղաքի ու մարզերի միջև։
Starlink-ի արբանյակային տեխնոլոգիան թույլ է տալիս բարձրորակ ինտերնետ ապահովել այն շրջաններում, որտեղ օպտիկամանրաթելային կամ կայուն ցամաքային կապի հասանելիությունը սահմանափակ է կամ բացակայում է։ Սա հատկապես կարևոր է մարզային դպրոցների համար՝ առցանց կրթական հարթակներից օգտվելու, միջազգային ծրագրերին մասնակցելու և ժամանակակից ուսումնական բովանդակությանը հասանելիություն ունենալու տեսանկյունից։
Նախարարությունը նշում է, որ ծրագրի շրջանակում դպրոցների ընտրությունը կիրականացվի առաջնահերթության սկզբունքով՝ հաշվի առնելով բնակավայրերի աշխարհագրական դիրքը և կապի առկա խնդիրները։ Նվիրատվությունը դիտվում է որպես կարևոր քայլ՝ Հայաստանի կրթական համակարգի թվայնացման և տեխնոլոգիական ներառականության ուղղությամբ։