Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Երկու երկրների նախագահները նախ առանձնազրույց են ունեցել: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև բազմոլորտ համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Կողմերն ընդգծել են ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակում փոխգործակցության առավել արդյունավետ կազմակերպման կարևորությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով տնտեսական, կրթական, մշակութային և գիտական ոլորտներում հարաբերությունների խորացմանը։ Հանդիպման ընթացքում կարևորվել է էներգետիկ բնագավառում համատեղ ծրագրերի իրականացումը: Հանդիպումների ավարտին երկու երկրների միջև ստորագրվել է համաձայնագրեր: Ըստ այդմ՝ ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիր, որը հայկական կողմից ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, իսկ գերմանական կողմից՝ Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշը: Ստորագրվել է նաև «Երևան և Լայպցիգ քաղաքների միջև մշակութային տարի իրականացնելու վերաբերյալ» համաձայնագիր, որը ստորագրել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Լայպցիգի քաղաքապետ Բուրկհարդ Յունը: