Սեպտեմբերին Երևանի Օղակաձև բուլվարի 6-րդ հատվածում կբացվի քաղաքի նոր սերնդի ամենամեծ հանրային խաղահրապարակը։ «Թաքնված գետի գաղտնիքները․ Կարմրախայտը» անվանումը կրող տարածքը կունենա շուրջ 2000 քմ անվճար խաղային միջավայր՝ նախատեսված տարբեր տարիքի և կարողությունների երեխաներ ունեցող ընտանիքների համար։
Նախաձեռնությունը կյանքի է կոչվում Կերոնի զարգացման հիմնադրամի և Կենտրոն վարչական շրջանի համագործակցությամբ։
Խաղահրապարակում առանձնացված են գոտիներ երեք տարիքային խմբերի համար՝ 0-3, 3-7 և 7-12 տարեկան։ Նախագիծը ստեղծում է ոչ միայն երեխաների, այլև ծնողների համար հարմարավետ և ներառական միջավայր։
Նորամուծություններ և առանձնահատկություններ․
- Խաղահրապարակների շինանյութերի 40%-ը վերամշակված է, որոնցից 33%-ը՝ օվկիանոսային պլաստիկից։
- Տարածքի կեսից ավելին կառուցվում է բնական փայտից։
- Առաջին անգամ հանրային տարածքում հաշվի են առնվում հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքները։
- Կառուցվածքում ներառված են եվրոպական առաջատար քաղաքներում կիրառվող միջազգային մակարդակի տարրեր՝ ճոճանակներ, սահանքներ, ինչպես նաև հատուկ այս նախագծի համար արտադրված եզակի կառույցներ։
Պաշտոնական բացումը նախատեսվում է 2025 թվականի սեպտեմբերի կեսերին։
Կերոնի զարգացման հիմնադրամը նախաձեռնությունը դիտարկում է որպես տարածքային զարգացման մոդելային մոտեցում։ Արդեն մշակվում են նաև ևս երկու նոր խաղահրապարակների նախագծեր՝ յուրահատուկ դիզայնով, թեմայով և սոցիալական ուղղվածությամբ։