Ճապոնական Elecom ընկերությունը ներկայացրել է, իր խոսքերով, աշխարհի առաջին կոմերցիոն փաուերբանկը, որը հիմնված է նատրիում-իոնային տեխնոլոգիայի վրա։ Մոդելը կոչվում է DE-C55L-9000, ունի 9,000 մԱ⋅ժ տարողունակություն, ինչպես նաև USB Type-C (45 Վտ) և Type-A (18 Վտ) միակցիչներ, լիցքավորման LED ցուցիչներով։ Ֆունկցիոնալությամբ այն նման է սովորական լիթիում-իոնային մարտկոցներին։
Նատրիումի օգտագործումը էներգիայի պահպանման համակարգերում սկսվել է դեռ 1970-ականներից, սակայն այն լայն տարածում չգտավ։ Դրա հիմնական պատճառը ցածր էներգետիկ խտությունն էր, ինչի հետևանքով մարտկոցները ստացվում էին ավելի ծանր, մեծածավալ և թանկ։ Սակայն մասշտաբային արտադրության դեպքում նատրիում-իոնային համակարգերի 1 կՎտ⋅ժ արժեքն ավելի ցածր է, քան լիթիումային համակարգերինը։ Չնայած դրան, արդյունաբերության պահանջները կենտրոնացած էին ավելի կոմպակտ և տարողունակ լուծումների վրա, ինչի պատճառով նախապատվությունը տրվեց լիթիումին։
Նատրիում-իոնային մարտկոցների հիմնական առավելությունները՝
• Երկար սպասարկման ժամկետ՝ շուրջ 13 տարի (5000 լիցքավորման ցիկլ, լիթիումայինների 500-1000-ի դիմաց)։
• Ավելի անվտանգ են, ավելի ցածր հրդեհավտանգության ռիսկ ունեն։
• Կարելի է տեղափոխել առանց լիցքավորման, զրոյական լարման պայմաններում։
• Աշխատում են -34 °C-ից մինչև +50 °C ջերմաստիճանային միջակայքում։
• Շրջակա միջավայրի համար ավելի անվտանգ են, քանի որ նատրիումը լայնորեն տարածված է ծովի աղի և երկրակեղևի մեջ, իսկ դրա արդյունահանումն ավելի էկոլոգիապես մաքուր է, քան լիթիումինը։
Elecom-ի մոդելի գինը կազմում է 67 դոլար, իսկ քաշը՝ 350 գրամ։ Համեմատության համար՝ 10,000 մԱ⋅ժ լիթիում-իոնային փաուերբանկը Anker-ից արժե մինչև 24 դոլար, քաշը՝ 244 գրամ։ Հետևաբար, նատրիումային մարտկոցները դժվար թե լայն կիրառություն գտնեն բջջային սարքերում, սակայն կարող են արդյունավետ օգտագործվել որպես կայուն էներգիայի պահուստային աղբյուրներ՝ օրինակ ստացիոնար օբյեկտներում։