USD377.32EUR437.43RUB4.6885

Տեղահանվածների աջակցության համար հատկացվել է շուրջ 145 մլրդ դրամ. Փաշինյան

2023 թվականից ի վեր Հայաստանի պետական բյուջեից շուրջ 145 միլիարդ դրամ է ուղղվել Ղարաբաղից տեղահանված քաղաքացիների կարիքների ապահովմանը։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ղարաբաղից տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ներառման գործընթաց» թեմայով քննարկման ընթացքում։

Վարչապետի խոսքով՝ հատկացված միջոցների մի մասը հասցեականորեն հասել է շահառուներին, թեև որոշ դեպքերում այդ գործընթացը չի եղել առավելագույն ճշգրտությամբ։ Նա ընդգծել է, որ առաջիկա քայլերի պլանավորումը և ծրագրերի արդյունավետության բարձրացումը մնում են առաջնահերթ։

Նշվել է, որ գործող բնակարանային ծրագրի շրջանակում այս պահին շուրջ 1700 ընտանիք արդեն ձեռք է բերել բնակարան։ Փաշինյանի գնահատմամբ՝ սա մի կողմից վկայում է գործող մեխանիզմի առկայության մասին, սակայն մյուս կողմից՝ բավարար չէ, և անհրաժեշտ է ծրագրի ծավալների ընդլայնում։

Անդրադառնալով քաղաքական շահարկումներին՝ վարչապետը հերքել է այն պնդումները, թե իշխանությունները միտումնավոր ձգձգում են քաղաքացիության տրամադրման գործընթացը։ Նրա խոսքով՝ կառավարությունը, հակառակը, շահագրգռված է, որպեսզի տեղահանված քաղաքացիները հնարավորինս արագ ինտեգրվեն Հայաստանում՝ ստանան բնակարան, աշխատանք և ձևավորեն կայուն սոցիալական միջավայր։

Վարչապետը նաև կոչ է արել շահառուներին ներկայացնել իրենց կարիքներն ու առաջարկները՝ ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ