ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ պետական պատվերի շրջանակում Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին արդեն մատուցվել է շուրջ 10,5 միլիարդ դրամի բժշկական ծառայություն։
Նրա խոսքով՝ աջակցության ծրագրի մեկնարկից ի վեր շահառուներին հասանելի է դարձել պետական պատվերի ամբողջական փաթեթը, որը շարունակում է գործել նաև ներկայում։
Նախարարը նշել է, որ նույնիսկ այն քաղաքացիները, որոնք դեռևս չեն ստացել ՀՀ քաղաքացիություն, շարունակում են օգտվել պետական ֆինանսավորմամբ առողջապահական ծառայությունների ամբողջ ծավալից։
Ավանեսյանի փոխանցմամբ՝ այս մոտեցումը կպահպանվի մինչև եռամյա ծրագրի ավարտը, որից հետո նախատեսվում է ամբողջությամբ անցում կատարել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին։ Նա նաև ընդգծել է, որ քաղաքացիների շրջանում աճում է հետաքրքրությունը այդ համակարգի նկատմամբ։