«Տեսանյութ է եղել տոմետների վերաբերյալ․ որտե՞ղ են դրանք, և ի՞նչ արձագանք ունենք դրանց վերաբերյալ»,-ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ի պատասխան փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը ասաց. «Մեկը տեղի է ունեցել Աջափնյակում, մյուսը՝ Շենգավիթում։ Կխնդրեմ՝ վարչական շրջանի ղեկավարները մեկնաբանեն»։
Ըստ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի՝ այս տարածքում արված տեսանյութում երևացող հատվածում 2020-2021 թվականներին կատարված աշխատանքներ են եղել, ոչ թե նախորդ տարվա։
«Խիստ կասկածում եմ, որ ներկայացնողը չգիտեր՝ երբ է կատարվել»,- արձագանքեց Ավինյանը։
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը ևս նշեց, որ տեսանյութում արված աշխատանքը 2020-2021 թվականի է, և այն կատարել է ոչ թե Երևանի քաղաքապետարանը, այլ անհատ շինարարը։ Այն աշխատանքները, որտեղ որակի հետ կապված խնդիրներ են եղել, ավարտական ակտերը երբեք չեն ստորագրել։
Տիգրան Ավինյանը հորդորեց խիստ վերահսկողություն իրականացնել նաև այն աշխատանքների վերաբերյալ, որը կատարում են տնտեսվարողներն՝ իրենց հաշվի․
«Սա կարևոր վարքաբանական փոփոխություն է ենթադրում։ Չկա այլևս մեր և ձեր աշխատանք։ Կա աշխատանք, որն արվում է Երևան քաղաքում և մայթի վրա, ու անկախ նրանից՝ մենք ենք վճարում, թե տնտեսվարողը, որակը պետք է համապատասխանի մեր ստանդարտներին»,- նշել է Տիգրան Ավինյանը։