Tesla-ի բաժնետերերը հաստատել են ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Իլոն Մասկի աննախադեպ փոխհատուցման փաթեթը, որի ընդհանուր արժեքը կարող է հասնել մոտ 1 տրիլիոն դոլարի։
Ամերիկյան CNN-ի հաղորդմամբ՝ առաջարկին կողմ է քվեարկել բաժնետերերի շուրջ 75 տոկոսը։ Փաթեթը նախատեսում է, որ Մասքը կստանա հարյուրավոր միլիոնավոր նոր բաժնետոմսեր՝ այն դեպքում, եթե առաջիկա տարիներին զգալիորեն բարձրացնի Tesla-ի շուկայական արժեքը և կատարի մի շարք ռազմավարական նպատակներ։
Ներկայում Tesla-ի շուկայական կապիտալիզացիան կազմում է մոտ 1,4 տրիլիոն դոլար, մինչդեռ Մասքին անհրաժեշտ է այն հասցնել 8,5 տրիլիոն դոլարի՝ առաջիկա տասը տարվա ընթացքում։ Բացի այդ, նա պարտավորվում է առևտրային շահագործման հանձնել առնվազն մեկ միլիոն ինքնակառավարվող Tesla Robotaxi։
«Այն, ինչ մենք պատրաստվում ենք անել, ոչ թե Tesla-ի ապագայի նոր գլուխ է, այլ բոլորովին նոր գիրք», — հայտարարել է Մասքը՝ ելույթ ունենալով բաժնետերերի ժողովում Թեխասի Օսթին քաղաքում։
«Այլ ընկերությունների ժողովները ձանձրալի են, իսկ մերը՝ պայթյունավտանգ։ Սա զարմանալի է»։
Հավանության արժանացած փաթեթը նախատեսում է, որ Մասքը Tesla-ում կմնա առնվազն 7,5 տարի, իսկ իր բաժնեմասը կարող է աճել ներկայիս 12 տոկոսից ավելի քան 25 տոկոսի։
Հիշեցնենք՝ հոկտեմբերին Մասկը դարձավ աշխարհի առաջին մարդը, որի կարողությունը հասել է 500 միլիարդ դոլարի։
Մասնագետների գնահատմամբ՝ եթե նա կարողանա իրականացնել Tesla-ի զարգացման ռազմավարությունը՝ հատկապես ինքնակառավարվող մեքենաների և արհեստական բանականության ոլորտներում, կարող է դառնալ պատմության առաջին տրիլիոնատերը։